Պետքարտուղար Ջոն Քերիին (նկարում Հռոմում վայրէջքի պահին) չունի կանխորոշված քաղաքականություն: Նա բոլոր հարցերում նախաձեռնություն է ստանձնում ոչ թե վճռորոշ հաղթանակներ տանելու, այլ իր շահերն առաջ մղելու առիթներ գտնելու համար: Այսպիսով, աջակցելով ԿՀՎ-ի կողմից Ուկրաինայում իրականացված պետական հեղաշրջմանը, նա մտահոգված է ոչ թե Ղրիմի ապագայով, այլ գլոբալ տնտեսական ծրագրերի իրականացմամբ:

Երեք իրադարձություն ցնցեցին միջազգային թատերաբեմը. առաջինը՝ Արևմուտքի կողմից, Ուկրաինայի հետ կապված, Ռուսաստանին պարտադրված ճգնաժամն է, երկրորդը՝ Ծոցի երկրների միջև հայտարարված գաղտնի պատերազմներն են և վերջապես երրորդը՝ Սիրիայի ժողովրդական ժողովի կողմից ընդունված օրենքն է, որով դե ֆակտո բացառվում է պատերազմի ժամանակ երկրից փախած քաղաքացիների կողմից թեկնածության առաջադրումը:

ԱՄՆ նախատեսել էր չորրորդ իրադարձությունը՝ Վենեսուելայում «գունավոր հեղափոխության» իրականացումը, սակայն երկրի ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբել հասարակության բոլոր շերտերին:

Վաշինգտոնը ցանկանում է Ուկրաինական հեղափոխությունն օգտագործել ի շահ իր տնտեսության

Ուկրաինական ճգնաժամը նախապատրաստվել և իրականացվել է Արևմուտքի կողմից, որի արդյունքում, հմտորեն էկրանավորված բռնությունների օգնությամբ, հաջողվեց իրականացնել պետական հեղաշրջում: Ի պատասխան Ռուսաստանը ճկուն կերպով հակադարձեց, Սուն Ցզիի մարտավարությանը հետևելով, առանց պայքարի վերցրեց Ղրիմը և մնացյալ երկիրը, իր քաղաքական և տնտեսական խնդիրներով հանդերձ, թողեց հակառակորդներին: Չնայած Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից արված հայտարարություններին՝ Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ որևէ նշանակալի պատժամիջոց չի կիրառելու: ԵՄ Ռուսաստան է արտահանում իր արտադրանքի 7 %-ը (123 մլրդ եվրո արժողությամբ հաստոցներ, մեքենաներ, քիմիական արտադրանք և այլն), իսկ ներմուծումը կազմում է 12 % (215 մլրդ եվրո՝ հիմնականում ածխաջրածիններ): Պատժամիջոցներից հատկապես կտուժեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Հոլանդիան, Լեհաստանը և Ֆրանսիան: Լոնդոնում ռուսներն ահռելի ներդրումներ են կատարում, որոնք կարող են հոդս ցնդել, ինչը վկայում է նաև Downing Street-ի կազմած ներքին հայտարարությունը, որը բացահայտվել է բրիտանական մամուլի կողմից կատարված լուսանկարի օգնությամբ: Այնպիսի ընկերություններ, ինպիսիք են BP, Shell, Eni, Volkswagen, Continental, Siemens, Deutsche Telecom, Reiffsen, Unicrédit-ը, նաև այլ կազմակերպություններ, ստիպված կլինեն դուրս գալ ռուսական շուկայից: Ամերիկյան անդրազգային կազմակերպություններից Exxon-ը, որն ԱՄՆ-ում երկրորդն է իր մեծությամբ, Ռուսաստանում հսկայածավալ ներդրումներ ունի:

Ինչ էլ որ լինի, Վաշինգտոնը շատ խիստ երկխոսություն է ծավալել: Ամեն ինչ տեղի է ունենում այնպես, կարծես թե պետական հեղաշրջումը ծրագրվել է ծայրահեղականների կողմից (Վիկտորիա Նուլանդ, Ջոն Մաքքեյն) և սկզբում կաշկանդել է Նախագահ Օբամային՝ միևնույն ժամանակ վերջինիս հնարավորություն ընձեռելով, ի վնաս իր դաշնակիցների, լուծել ամերիկյան տնտեսության ճգնաժամը. եթե Ուկրաինայում տիրող անհանգստությունները ներթափանցեն Եվրոպայի քաղաքական և տնտեսական հարթություններ, ապա հին աշխարհամասից կապիտալը կհոսի դեպի Wall Street: Այսպիսով կիրականանան 1992 թվականին Պոլ Վուլֆովիցի կողմից առաջ քաշված դոկտրինը (խոչընդոտել Եվրամիությանը, որպեսզի այն ԱՄՆ սկզբունքային մրցակից չդառնա) և 2009 թվականին Քրիստինա Ռոմերի տեսությունը (եվրոպական կապիտալի ներգրավմամբ փրկել ԱՄՆ տնտեսությունը, ինչպես 1929 թվականի վերջում տեղի ունեցած ճգնաժամի ժամանակ): Հետևաբար, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, ծայրահեղ դեպքում, պետք է ակնկալել դիվանագիտական հարաբերությունների սառեցում և 2014 թվականին Եվրոպայում սպասել տնտեսության մեծ անկում:

Այս պայմաններում, անհասկանալի է, թե ինչպես հնարավոր կլինի Մերձավոր-Արևելքի ընդհանուր խաղաղությունը կյանքի կոչել: Այս պահից սկսած Սիրիայի համար նախատեսված Ժնև 3 ծրագիրը տապալված է: Մինչդեռ Մուհամեդ Դահլանի վերադարձով առաջընթաց արձանագրած իսրայելա-պաղեստինյան «խաղաղության» ծրագիը վիժեցվեց Արաբական երկրների լիգայի կողմից, որը ներկա պահին Իսրայելը որպես «հրեաների պետություն» չի ճանաչում:

Ծոցի երկրները պառակտվել են Մուսուլման եղբայրների պատճառով

Ներկայումս գաղտնի պատերազմ է ընթանում Ծոցի երկրների միջև: Նոյեմբերին Քաթարն աջակցել է Մուսուլման եղբայրերի կողմից ԱՄԷ-ում ծրագրված պետական հեղաշրջման փորձին: ԱՄԷ, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը Քաթարի հետ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները և անգամ Սաուդյան Արաբիան ֆինանսավորեց Դոհայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Թվում է, թե Քաթարը պատրաստ չէ հրաժարվել Մուսուլման եղբայրներից, որոնց օգնությամբ Վաշինգտոնը կազմակերպել էր «արաբական գարունները» և այնուհետև երես թեքել նրանցից:

Ծոցի երկրների քաղաքականությունը նման է անհավանական հանգույցներից կազմված մի տրցակի, երբ ծաղրի արժանի միապետները պետական շահերը խառնում են իրենց անձնական ամբիցիաների հետ: Կռվախնձոր դարձած Մուսուլման եղբայրները դիտարկվում են ոչ թե որպես գաղափարական հոսանք, այլ պարզապես խաղաքարտ:

Սիրիան այլևս չի ցանկանում խաղաղության շուրջ բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի հետ

Երրորդ նոր բաղադրիչը հեռուստատեսությամբ հեռարձակված Սիրիայի ժողովրդական ժողովի կողմից նոր օրենքի ընդունման փաստն է: Պատգամավորների կողմից ընդունվել է մի օրինագիծ, համաձայն որի նախագահական գալիք ընտրություններում թեկնածուները պետք է վերջին 10 տարում մշտապես բնակված լինեն երկրում: Սույնով դե ֆակտո բացառվում է պատերազմի ժամանակ Սիրիայից փախած քաղաքացիների կողմից թեկնածության առաջադրումը:

Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին անմիջապես հայտարարեց, որ այն կարող է հանգեցնել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի խափանմանը: Ֆրանսիան, իր հերթին, Ժնևյան բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ին նախագիծ ներկայացրեց: Չնայած որ նոր օրենքի վերաբերյալ որևէ հիշատակում չեղավ, այնուամենայնիվ սա վերջին փորձն է սիրիական պատերազմը որպես «Հեղափոխություն» ներկայացնելու և խաղաղությունը Դամասկոսի և Սաուդյան Արաբիայի հովանու ներքո գտնվող կեղծ ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնություն դիտարկելու համար: Սիրիայի ժողովրդական ժողովի նախկին խոսնակ Բասմա Կոդմանին հավաստիացնում էր, որ «Դամասկոսի ռեժիմը» ի վիճակի չի լինելու նախագահական ընտրություններ կազմակերպել և առաջարկում այդ ձախողումը համարել դիկտատուրայի լավագույն ապացույց: Այսպիսով ՆԱՏՕ-ն կարող է թատերաբեմ դուրս գալ և վերջ դնել Բաշար էլ-Ասսադի իշխանությանը, ինչը նախապես էր պլանավորված, չնայած 2011 թվականի «ջարդերին» և 2013 թվականի «քիմիական ռմբակոծության» հետ կապված բաց թողնված հնարավորությանը: Այնուամենայնիվ, Ռիադի հետ հաշտվելուց և ըստ իր հայեցողության Ժնև 2 համաժողովը կազմակերպելուց հետո՝ Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի սիրիացի գործընկերների նկատմամբ վերստին կորցրել է իր հետաքրքրությունը:

Եթե Ժնև 3 չկայանա, ապա Արևմուտքը կա´մ կհարձակվի Սիրիայի վրա (որն այլևս անհնար է, ինչպես հնարավոր չէ Ղրիմի վրա հարձակումը), կա´մ մեկ հարյուրամյակ շարունակ իրավիճակը կպահի փակուղու մեջ, կա´մ կհայտարարի, որ «Հեղափոխություւնը» զավթել են ջիհադիստները և պատերազմն այլևս գլոբալ հետաքրքրություն ներկայացնող հակաահաբեկչական հարց է:

Ջոն Քերրին, ով դիվանագետ լինելուց բացի նախևառաջ գործարար է, չունի կանխորոշված քաղաքականություն, փոխարենն ունի մարտավարություն: Սովորույթի համաձայն Վաշինգտոնն այլ լուծում չգտնելով՝ ամեն ինչ կանի իր համար նախընտրելի հանգուցալուծման հասնելու համար: Այլևս չկարողանալով բանակցել Ռուսաստանի հետ, նա ստիպված կլինի դա անել Սիրիայի մեկ այլ դաշնակցի՝ Իրանի հետ:

Համարյա մեկ տարի է, ինչ Պետդեպարտամենտը, սկզբում Օմանում գաղտնի բանակցում էր Իսլամական հանրապետության հետ, իսկ այժմ պաշտոնապես բանակցություններ են ընթանում նորընտիր նախագահ Ռոհանիի հետ: Սակայն որոշ հանգամանքներ հակազդեցության մեջ են մտնում հոմենեականների շրջանակներում, ըստ որոնց պետք չէ բանակցել իմպերիալիստների հետ, այլ հարկավոր է նրանց մինչև վերջ վերացնել: Հաշվի առնելով իրանական ներքին հակասությունները, Վաշինգտոնը բազմապատկեց իր հարձակումներն ու նահանջները, որպեսզի առաջխաղացումը նախատեսվածից փոքր ինչ դանդաղի:

Եթե ԱՄՆ-ի համար սիրիական հարցը լուծելու համար շտապողականության խնդիր չկա, փոխարենը կենսական անհրաժեշտություն է Պաղեստինի հրեական գաղութի անվտանգության ապահովման հարցը: Ժնև 2-ից դուրս մղված Իրանն այսպիսով հրավիրվում է մասնակցելու առավել կարևոր տարածաշրջանային բանակցություններին: Այս առթիվ ԱՄՆ Սենատը, գալիք 10 օրվա ընթացքում, կազմակերպելու է «Սիրիան Ժնևից հետո» թեմայով լսումներ: Ձևակերպումից հասկանալի է դառնում, որ խաչ է քաշվում «խաղաղության» համաժողովի վրա: Սենատորները Վաշինգտոնի հրեա փորձագետներին լսելու փոխարեն, ինչպես դա սովորաբար արվում էր Մերձավոր Արևելքին վերաբերվող խնդիրների ժամանակ, լսելու են Պետքարտուղարության պարտիզանական պատերազմների հարցերով լավագույն ռազմագետներին և Իրանի հարցում երկու գլխավոր փորձագետներից մեկին:

Եվ վերջում, եթե անգամ տարածաշրջանում «խաղաղություն» հաստատվի, ապա դա կլինի միմիայն Ջոն Քերրիի պատկերացրած տարբերակով, ով ավելի շուտ կզոհաբերի Պաղեստինի ժողովրդին, քան հրեական գաղութին: Հասսան Նասրալլան նախազգուշացրել էր այս անարդարության մասին, սակայն ինչպես կարելի է հակազդել, երբ պաղեստինյան գլխավոր առաջնորդներն արդեն դավաճանել են իրենց ընտրողներին:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)