JPEG - 15.8 ko
2011 թվականի նոյեմբերի 29, Սիրիական ազատ բանակի պատվիրակությունն իր հավատարմությունն է հայտնում Սիրիական ազգային խորհրդի պատվիրակությանը: Տեսականորեն ընդդիմությունը բաղկացած է ռազմական և քաղաքական թևերից: Իրականում ինչպես Սիրիական ազատ բանակը, այնպես էլ Սիրիական ազգային խորհուրդը ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված շինծու կառույցներ են: Երկու կառույցները բացառապես բաղկացած են վարձկաններից, որոնցից քչերն են երկրի տարածքում գործունեություն ծավալում:

Ժնևի խաղաղության կոնֆերանսի կազմակերպիչները սիրիական ընդդիմության համար ներկայացուցիչներ են փնտրում: Ըստ Արևմուտքի, հակամարտության պատճառը սեփական ժողովրդի դեմ հանդես եկող նողկալի դիկտատուրան է: Մինչդեռ Ալ-Քաիդայի իսլամիտ զինյալներն ավիրում են երկիրը` կոչ անելով օտարազգի մարտիկներին միանալ իրենց, չնայած որ զինված ապստամբների հիմնական կորիզը պետք է կազմեին սիրիացիները: Սիրիայում երբեք հեղափոխություն չի եղել, այն արտաքին ագրեսիա է: Իրականում, Սիրական ազատ բանակը, որն ուներ 40 000 անդամ, ուղղակի անհայտացել է: Այն բանից հետո, երբ վարձկանների կողմից հարձակման ենթարկվեց նրանց գլխավոր թաղամասը և թալանվեցին զինանոցները, կազմակերպության ղեկավար գեներալ Սելիմ Իդրիսը Թուրքիայով փախուստի դիմեց և ապաստան գտավ Քաթարում:

2011 թվականի հուլիսի 29-ին, իր կազմավորման սկզբնական փուլում, Սիրիական ազատ բանակը հաստատեց իր միակ նպատակը` Նախագահ Բաշար էլ-Ասսադի գահընկեցությունը: Երբեք այս կազմակերպությունը չհստակեցրեց` արդյոք պայքարելու է աշխարհիկ, թե´ իսլամական կարգեր հաստատելու համար, երբևէ քաղաքական դիրքորոշում չհայտնեց Արդարադատության, Կրթության, Մշակույթի, Տնտեսության, Աշխատանքի, Շրջակա միջավայրի և այլ հարցերի վերաբերյալ:

Այս կազմակերպությունը ձևավորվել է Սիրիայի արաբական բանակից դասալքված զինվորներից: Դասալքությունները տեղի են ունեցել 2011 թվականի երկրորդ կեսում, որոնց ընդհանուր թիվը երբեք չի անցել 4 %-ը, ինչն աննշան թիվ է կազմում ողջ երկրի մաշտաբով:

Սիրիական ազատ բանակը քաղաքական ծրագրերի անհրաժեշտությունը չունի, քանի որ ունի ֆրանսիական գաղութացման դրոշակի նմանությամբ իր դրոշակը: Սիրիայի նկատմամբ ֆրանսիական մանդատի ընթացքում այն խորհրդանշում էր Սայքս-Պիկոյի պայմանագիրը` Սիրիան ամբողջովին մասնատվել և բաժանվել էր տարբեր էթնիկ-կրոնական պետությունների: Դրոշի վրա պատկերված երեք աստղերը խորհրդանշում են դրուզների, ալավինների և քրիստոնյաների երեք պետությունները:

Սիրիական ազատ բանակի առաջին առաջնորդ գնդապետ Ռիադ էլ-Ասսադը մոռացության մատնվեց պատմության զնդանում: Նա ընտրվել էր իր ազգանվան պատճառով, որն արաբերեն այլ կերպ է գրվում, սակայն եվրոպական լեզուներով հնչում է Նախագահ Բաշար էլ-Ասսադի ազգանվան նմանությամբ: Պարսից ծոցի միապետությունների համար այս երկու անձանց միջև տարբերությունը այն էր, որ առաջինը սունի մահմեդական էր, իսկ երկրորդը` ալավի:

Իրականում Սիրիական ազատ բանակը ֆրանս-բրիտանական մտահղացում է, ինչպես օրինակ Լիբիայում «Բենգազիի հեղափոխականները» (որոնք որպես դրոշակ «ընտրել» էին անգլիական զավթիչների հետ համագործակցող Իդրիս I-ի դրոշը):

ՆԱՏՕ-ի ռազմական թևը, որը Ատլանտյան դաշինքի ռմբակոծության ժամանակ պետք է գրավեր նախագահական պալատը, տարակուսում էր հաջորդական ծրագրերից և Արևմուտքի ու Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի հաջորդական ձախողումների պատճառով: Երկրորդ փուլում Սիրիական ազատ բանակը ներկայացվեց որպես արտաքսման մեջ գտնվող քաղաքական խորհրդի ռազմական թև, որը չուներ որևէ իշխանություն և ենթարկվում էր միայն ֆրանս-բրիտանական իր գործատուներին: Իրականում, այն այս երկրների գաղտնի ծառայությունների ռազմական թևն էր, իսկ Սիրիայի ազգային խորհուրդը` քաղաքականը: Վերջին հաշվով Սիրիական ազատ բանակը հաջողությունների է հասել բացառապես ՆԱՏՕ-ի ուղղակի աջակցությամբ, տվյալ պարագայում թուրքական բանակի, որը նրանց ապաստան էր տվել իր ռազմաբազաներում:

Ստեղծվելով չորրորդ սերնդի պատերազմների շրջանակում` Սիրիական ազատ բանակին սիրիական երկրորդ պատերազմում չհաջողվեց հարմարվել Նիկարագուայի ոճի պատերազմին: Առաջին պատերազմում (2011 թվականի փետրվարին Կահիրեյում ՆԱՏՕ-ի ժողովից մինչև 2012 թվականի հունիսի Ժնևի կոնֆերանս) լրատվական միջոցների օգնությամբ պետք է Սիրիայի իշխանություններին դարձնեին անօրինական, որպեսզի այն հասած մրգի պես ընկներ ՆԱՏՕ-ի ձեռքերի մեջ: Ռազմական գործողություններն իրականացվելու էին տարբեր խմբավորումների կողմից` Դաշինքի կողմից ուղղակի հրահանգներ ստանալով: Նախևառաջ անհրաժեշտ էր ավելացնել տեղեկատվական կեղծիքները և հզոր ապստամբության տպավորություն թողնել: Ըստ Վիլիամ Լինդի և Մարտին վան Կրևելդի տեսությունների, Սիրիական ազատ բանակը մնացած խմբավորումներին միևնույն պիտակի ներքո բնորոշելու համար էր, որը չպետք է ունենար իր սեփական հիերարխիկ կառուցվածքը: Իսկ երկրորդ պատերազմը (2012 թվականի հուլիսին Փարիզում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» հավաքից մինչև 2014 թվականի հունվարի 2-ին Ժնևում կայանալիք կոնֆերանսը) հյուծման պատերազմ է` նպատակ հետապնդելով «արնաքամ» անել երկիրը մինչև լիակատար կապիտուլյացիա: Իր դերը խաղալու համար Սիրիական ազատ բանակը պետք է վերափոխվի իսկական բանակի` իր պաշտոնակարգերով և կարգուկանոնով, որը երբեք ի վիճակի չի եղել անելու:

Թուրք-իրանական մերձեցման պահից սկսած, զգալով իր մոտալուտ վախճանը, Սիրիական ազատ բանակը հայտարարեց Ժնև 2-ին իր հնարավոր մասնակցության մասին` առաջ քաշելով անիրական պահանջներ: Սակայն արդեն չափազանց ուշ է: Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող վարձկանները ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված այս կեղծիքում հաղթող դուրս եկան: Այսուհետև, յուրաքանչյուրը կարող է տեսնել պարզ ճշմարտությունը. Սիրիայում երբևէ հեղափոխություն չի եղել:

Թարգմանություն
Արեգ Մանասյան