Բայջի (Baïji) քաղաքի նավթավերամշակման գործարանը

Ըստ ատլանտյան մամուլի, Իրաքի և Լևանի իսլամական Էմիրությունը (ԻԼԻԷ), որն արդեն գրավել է Իրաքի Հյուսիսային և Արևմտյան շրջանները, հավատքից ոգեշնչված ջիհադիստների խմբավորում է՝ մի ձեռքում պահելով Ղուրանը, իսկ մյուսում՝ կալաշնիկովը: Նրանց համար, ովքեր ստիպած են եղել նրանց հարկեր վճարել, մասնավորապես Սիրիայում, սա մասնավոր բանակ է՝ բաղկացած աշխարհի չորս կողմից եկած վարձկաններից՝ ամերիկյան, ֆրանսիական և սաուդյան զինվորականների կողմից կառավարվող, որը բաժանում է տարածաշրջանը՝ գաղութարար ուժերի կողմից առավելագույնս հսկողություն հաստատելու համար:

Եթե ԻԼԻԷ անդամներին ընդունենք որպես սովորական զինված հավատացյալների, ապա չենք կարող պատկերացնել նրանց հարձակման հետևում թաքնված նյութական շահերը: Սակայն, եթե ընդունենք, որ խոսքը գնում է վայրենիների մասին, ուրեմն պետք է շատ աչալուրջ լինենք, քանի որ նրանք մանիպուլյացիայի են ենթարկում կրոնը՝ տպավորություն թողնելով, թե իբր Ալլահն օրհնում է իրենց հանցանքները:

Այս հարձակման հազարավոր զոհերի համար կոկորդիլոսի արցունքներ թափելով՝ ատլանտյան մամուլն անհանգստանում է նավթի գնի վրա այս նոր հակամարտության հնարավոր հետևանքներից: Մի քանի օրում 1 բարելի գինը հասավ 115 $-ի, այսինքն 2013 թվականի մակարդակին: Շուկաներն անհանգստացած են Տիկրիտի մոտ գտնվող Բայջի նավթավերամշակման գործարանի ճակատագրով: Իրականում այս գործարանը բավարարում է միայն տեղական շուկայի պահանջները: Նավթի գնի բարձրացումը կապված չէ իրաքյան նավթի արդյունահանման ընդհատման հետ, այլ կապված է մատակարարումների խափանման հետ: Սա երկար չի շարունակվի, քանի որ շուկաներում նավթի ավելցուկ կա:

Գազարագույնով նշված է ԻԼԻԷ գրաված շրջանը (քարտեզն As-Safir)

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ զգալիորեն կավելացնի արդյունահանումը՝ պահանջարկը բավարարելու համար: Սակայն մասնագետները զգուշավոր են և ընդգծում են, որ թագավորությունը երբեք չի արդյունահանել օրեկան 10 միլիոն բարելից ավելին:

Ատլանտյան մամուլը, որը հերքում է ՆԱՏՕ-ի հովանավորչությունը, բացատրում է, որ նավթահորեր զավթելով է ԻԼԻԷ ահռելի միջոցներ կուտակել: Նման բան տեղի էր ունեցել Սիրիայի հյուսիսում, սակայն մամուլը դա չէր նկատել: Ջանադրաբար փորձ էր կատարվում հավաստիացնելու, որ Ալ-Նոսրա Ճակատի և Իսլամական Էմիրության միջև մարտեր են ընթանում՝ «վարչակարգի» կողմից հրահրվող մրցակցությամբ պայմանավորված, այնինչ խմբավորումները ձգտում էին իրենց տիրապետության տակ վերցնել նավթահորերը:

Այնուամենայնիվ մի հարցի Ատլանտյան և Ծոցի երկրների մամուլը դեռևս չի պատասխանում՝ ինչպես կարող են Վաշինգտոնի կողմից վերահսկվող միջազգային շուկայում ահաբեկիչները նավթ վաճառել: Մարտ ամսին Բենգազիի լիբիացի անջատողականներին չէր հաջողվել գողացված նավթը վաճառել: ԱՄՆ ռազմածովային ուժերն առգրավվել էին Morning Glory տանկերը և այն հետ ուղարկել դեպի Լիբիա [1]:

Եթե ալ-Նոսրա ճակատը և ԻԼԻԷ ի վիճակի են միջազգային շուկայում նավթ վաճառել, դա նշանակում է, որ Վաշինգտոնի կողմից թույլտվություն ունեն և կապեր ունեն նավթային հայտնի ընկերությունների հետ:

Ճակատագրի բերումով հունիսի 15-19 Մոսկվայում տեղի է ունեցել նավթային ընկերությունների տարեկան համաշխարհային կոնգրեսը: Կարծում էինք, թե այնտեղ խոսվելու է Ուկրաինայի մասին, սակայն խոսվեց Իրաքի և Սիրիայի մասին: Իմացանք նաև, որ Սիրիայում ալ-Նոսրա ճակատի կողմից գողացված նավթը վաճառվել է Exxon-Mobil-ի կողմից (Ռոքֆելլերներին պատկանող ընկերություն, որը թագավորում է Քավաթի վրա), իսկ ԻԼԻԷ կողմից գողացված նավթն արդյունահանվել է Aramco ընկերության կողմից (ԱՄՆ/Սաուդյան Արաբիա): Հիշեցնենք նաև, որ լիբիական հակամարտության ժամանակ ՆԱՏՕ-ն թույլատրել էր Քաթարին (այսինքն Exxon-Mobil-ին) վաճառել Ալ-Քարդայի կողմից «ազատագրված տարածքների» նավթը:

Ուստի, ներկայումս ընթացող հակամարտություններից կարող ենք հետևություն անել, որ ինչպես XX-րդ դարի ընթացքում Մերձավոր-Արևելքում տեղի ունեցած բոլոր հակամարտությունները, այնպես էլ այժմ նավթային ընկերությունների միջև պատերազմ է տեղի ունենում [2]: Այն փաստը, որ ԻԼԻԷ կարող է ֆինանսավորվել Aramco-ի կողմից բավարար է բացատրելու, թե ինչու է Սաուդյան Արաբիան հայտարարում, որ ի վիճակի է լրացնել իրաքյան նավթի արդյունահանման նվազումը. թագավորությունը գողացված բարելների օրինականացման համար դրանց վրա պարզապես իր դրոշմակնիքը կավելացնի:

ԻԼԻԷ հարձակումը թույլ է տալիս հսկողություն սահմանել երկու հիմնական նավթամուղերի նկատմամբ, որոնցից մեկն անցնում է Բանիասով և մատակարարում Սիրիային, մյուսը փոխադրում է նավթի հումքը դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ: Իսլամական Էմիրությունն ընդհատեց առաջինի գործունեությունը՝ Սիրիայում էլեկտրաէներգիայի լրացուցիչ անջատումների պատճառ դառնալով, սակայն անհասկանալի պատճառով երկրորդին ձեռք չտվեց:

Այս նավթամուղն օգտագործվում էր իսրայելական կողմնորոշում ունեցող Քուրդիստանի տեղական կառավարության կողմից՝ Քիրքուքում գողացվող նավթն արտահանելու համար: Ուստի, ինչպես բացատրում էի անցած շաբաթ [3], ԻԼԻԷ հարձակումը փախհամաձայնեցված է եղել Քուրդիստանի հարձակման հետ՝ Իրաքը երեք մասի բաժանելու նպատակով, 2001 թվականին Միացյալ Նահանգների Գլխավոր շտաբի կողմից հաստատված «ընդլայնված Մերձավոր-Արևելքի» վերաձևման քարտեզի համաձայն, ինչը ԱՄՆ բանակը չկարողացավ պարտադրել 2003 թվականին, սակայն սենատոր Ջո Բայդենի օգնությամբ 2007 թվականին հաստատվեց Կոնգրեսի կողմից [4]:

Քուրդիստանը Քիրքուքի նավթի արդյունահանումը սկսեց իրականացնել ԻԼԻԷ կողմից վերահսկվող նավթամուղով: Մի քանի օրում հնարավոր եղավ Ջեյհան ուղևորվող երկու տանկեր բեռնել, որը վարձակալվել էր թուրք-ազերի միլիարդատեր Մուբարիզ Ղուրբանողլուն (Mubariz Gurbanoğlu) պատկանող Palmali Shipping & Agency JSC կազմակերպությունից: Սակայն, երբ ալ-Մալիքիի կառավարությունը, որը դեռևս Վաշինգտոնի կողմից չի տապալվել, այս գողության վերաբերյալ նոտա հրապարակեց, Քուրդիստանում ավանդաբար գործունեություն ծավալող որևէ կազմակերպություն (Chevron, Hess, Total) չհանդգնեց գնել այդ նավթը: Չկարողանալով գնորդ գտնել՝ Քուրդիստանը հայտարարեց, որ պատրաստ է վաճառել կես գնով՝ բարելը 57.5 $-ով:

Երկու այլ տանկերներ գտնվում են լիցքավորման ընթացքում, կրկին ԻԼԻԷ հովանավորչությամբ: Այն հանգամանքը, որ շուկայի բացակայության պայմանում փոխադրումը շարունակվում է, ապացուցում է, որ Քուրդիստանն ու ԻԼԻԷ վստահ են, որ կկարողանան վաճառել, ուստի և նրանց անօրինական գործունեությունն աջակցություն է վայելում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից:

Իրաքի բաժանումը երեք մասի չի կարող վերաբաշխել նավթային քարտեզները: ԻԼԻԷ հարձակման պատճառով նավթային բոլոր կազմակերպությունները կրճատել են իրենց անձնակազմերի թվաքանակը: Որոշներն ավելի շատ՝ քան մյուսները, ինչպես օրինակ BP-ն, Royal Deutsch Shell-ը (որն աշխատեցնում է երկրաբան, սիրիական Ազգային կոալիցիայի նախկին նախագահ շեյխ Մոազ ալ-Խատիբը), Türkiye Petrolleri Anonim Ortaklığı (TPAO)-ը և չինական կազմակերպությունները (PetroChina, Sinopec et CNOOC):

Այսպիսով կորուստներ կրեցին բրիտանացիները, թուրքերը և հատկապես չինացիները, որոնք Իրաքի առաջին հաճախորդներց էին: Իսկ հաղթողների շարքում են Միացյալ Նահանգները, Իսրայելը և Սաուդյան Արաբիան:

Իրական նպատակներն այսպիսով «իրական իսլամի» համար մղվող պայքարի հետ որևէ կապ չունեն:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1«Պենտագոնը Միջերկրական ծովում զննում է "Morning Glory" տանկերը» « Le Pentagone arraisonne le "Morning Glory" en Méditerranée », Ցանց Վոլտեր, 17 մարտի 2014 թվական:

[2«Իրաք, ջնջված պատմության էջերը» « Irak, les pages d’histoire effacées », ըստ Manlio Dinucci-ի, Թարգմանությունը Marie-Ange Patrizio-ի, Il Manifesto, Ցանց Վոլտեր, 18 հունիսի 2014 թվական:

[3«Վաշնգտոնը գործի է դնում Իրաքի բաժանման իր ծրագիրը» « Washington relance son projet de partition de l’Irak », ըստ Տիերրի Մեյսանի, Al-Watan, Ցանց Վոլտեր, 16 հունիսի 2014 թվական:

[4«Իրաքի բալկանացումը» « La balkanisation de l’Irak », ըստ Manlio Dinucci-ի, Թարգմանությունը Marie-Ange Patrizio-ի, Il Manifesto, Ցանց Վոլտեր, 17 հունիսի 2014 թվական: