JPEG - 23.1 ko
Մեհդի Նեմմուշ (Mehdi Nemmouche)

Միացյալ Նահանգների ռազմավարության վերակողմնորոշումը լի է տարակուսանքով: Մայիսի 28-ին նախագահ Օբաման կարծես թե հետաձգեց Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմական դիմակայությունը և ահաբեկիչները բնորոշվեցին որպես գլխավոր թշնամներ [1]: Այս հռետորաբանությունը վերադարձ է դեպի Սեպտեմբերի 11-ի մեկնարկային իրավիճակին, երբ Ջորջ Բուշը հայտարարում էր «ահաբեկչության» դեմ «անվերջ պատերազմի» մասին և սկսում «խաչակրաց» նոր արշավանք:

Դրանից մի քանի օր առաջ՝ մայիսի 24-ին, երեք հոգի սպանվել էին Բրյուսելի Հրեական թանգարանում: Սպանությունը եվրոպական մամուլի կողմից ներկայացվեց որպես հակասեմիտական քայլ:

Մայիսի 30-ին ֆրանսիացի մաքսային ծառայողները Մարսելի երկաթուղային կայարանում հերթական ստուգման ժամանակ, ինչպես որ դա ներկայացվել էր, ձերբակալել էին մի երիտասարդի, ում մոտ հայտնաբերված զենքը կարող է կիրառված լինել Բրյուսելում: Կասկածյալը՝ Մեհդի Նեմմուշը, բազմաթիվ անգամ ձերբակալված մանր հանցագործ է: Նա Իրաքի և Լևանի իսլամական էմիրության (ÉIIL կամ « Daesh ») կազմում մեկ տարի կռվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ, որը համարվում է Ալ-Քաիդայի ամենադաժան ճյուղը: Նա հակաահաբեկչական օրենքի շրջանակներում վերջինս չորս օր գտնվել է ձերբակալման մեջ՝ հրաժարվելով պատասխանել քննիչների հարցերին: Եվրոպական մամուլը նրա դեպքը համեմատում է մեկ այլ ալիժրյան ծագում ունեցող հանցագործ Մուհամմեդ Մերայի (Mohammed Merah) դեպքի հետ, ով նույնպես իսլամացվել է բանտում և ջիհադիստ է եղել Աֆղանստանում, որը 2012 թվականի մարտին Թուլուզում և Մոնտուբանում իրականացրել է հակասեմիթական ոճրագործություններ:

Մուհամմեդ Մերան ձերբակալվել էր ոստիկանության հատուկ ստորաբաժանման անդամի կողմից, ով ո´չ վկայություններ էր տվել, ո´չ էլ դատապարտվել: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա աշխատում էր ֆրանսիական ներքին գաղտնի ծառայությունների համար: Հնարավորություն չի եղել պարզել, արդյոք գաղտնի ծառայությունները մասնակցություն ունեցել են թե ոչ նրա կողմից կատարված հանցագործություններում:

Կարելի է մտածել, որ Միացյալ Նահանգների ռազմավարական վերակողմնորոշումը չէր կարող հանգել Ջորջ Բուշի հակա-մահմեդական հերյուրանքներին: Այնինչ, Մեհդի Նեմմուշի ձերբակալության պահից սկսած լրատվամիջոցների ֆորումները հեղեղվեցին իսլամատյացության հաղորդագրություններով: Համացանցի օգտատերերը մահմեդական կրոնը նկարագրում էին որպես ինքնին ահաբեկչության և հակասեմիտության կրողի: Բավարար էր ուստի ներկայացնել այս կասկածյալին որպես «իսլամիստ ահաբեկչի», որպեսզի նման բնորոշումներ ի հայտ գան, մասնավորապես Ազգային ճակատի (Front national) համակիրների շրջանակներում:

Արտաքինը խաբուսիկ է

Իրականում Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը կապ չունի ո´չ հակասեմիտության, ո´չ էլ ահաբեկչության հետ: Երկու հիմնական զոհերը իսրայելական հատուկ ծառայության գործակալներ էին և նրանց նկատմամբ հաշվեհարդարը իրականացվել է սառնարյուն արհեստավարժի կողմից [2]:

Մեհդի Նեմմուշի ձերբակալությունը տեղի էր ունեցել սովորական ստուգման ժամանակ [3], երբ կասկածյալի ճամպրուկներից մեկը պատահմամբ բացվել էր և հայտնաբերվել ինքնաձիգի լիցքավորիչը: Սա հնարավոր, սակայն քիչ հավանական տարբերակ է:

Կասկածյալն իր բաճկոնում պահած ատրճանակը չի օգտագործել և ձերբակալության ժամանակ չի դիմադրել: Նա իր հետ տեղափոխել է մեկ կալաշնիկով, մեկ ատրճանակ, կրծքին ամրացվող մեկ տեսախցիկ և մեկ գլխարկ, որը նման էր Բրյուսելում մարդասպանի գլխարկին: Բացի այդ ոստիկանությունը նրա իրերում հայտնաբերել էր նաև Իրաքի և Լևանի իսլամական Էմիրության մի փաստաթուղթ, որը նրա մոտ գտնվելու որևէ պատճառ չպետք է ունենար և առանց վարանելու նրան բնորոշեցին որպես «ահաբեկիչ»:

Չորս օր շարունակ կալանքի տակ գտնվելով, հակաահաբեկչական օրենքի հիմքով, նա չի պատասխանել քննիչների հարցերին`վկայակոչելով «լռելու իր իրավունքը»: Ըստ նրա փաստաբանի նա սահմանափակվել էր նշելով, որ զենքերը Բրյուսելում գողացվել են ավտոմեքենայից, չեն կիրառվել Հրեական թանգարանում սպանություններում և մերժել էր իրեն Բելգիա արտահանձման որոշումը:

Ամփոփենք. մի կողմից Բրյուսելում իսրայելական լրտեսների նկատմամբ հաշվեհարդարը, մյուս կողմից «պատահմամբ» ջիհադիստի ձերբակալությունը, ով լավ պատրաստություն է անցել ոստիկանությանը չպատասխանելու համար, սակայն ունակ չի եղել ժամանակին վերացնելու հանցագործության ապացույցները: Վերջին հակասությունն այնքան մեծ է, որ բազում հարցեր է առաջ քաշում:

Եվրոպայում ջիհադիստների ուրվականը

Մինչև Նեմմուշի գործը՝ պայմանով, որ նա է եղել Բրյուսելում կրակողը, Եվրոպայում հանցագործություններ կատարելու համար Սիրիայից վերադարձած ջիհադիստների որևէ դեպք հայտնի չի եղել: Մինչդեռ, հունիսի 5-ին Եվրամիության Ներքին գործերի նախարարները հավաքվել էին այս թեմայի շուրջ հանդես գալու նպատակով:

Ոստիկանները հաշվել են 3 000 եվրոպացիների, որոնք վերջին երեք տարիների ընթացքում կարող էին վերադարձած լինել Սիրիայից՝ Հանրապետությունում պայքար մղելու համար: Սա մեծ թիվ է, բայց հավանաբար իրականից ավելի քիչ. Սիրիայի Արաբական բանակը հավաստում է, որ մարտերում մասնակցել են առնվազն 12 000-ը:

Նրանց կողմից Եվրոպայում հանցագործություններ կատարելու վտանգն իրական է, սակայն Նեմմուշի գործն այլ բանի մասին է վկայում: Այս երիտասարդը ջիհադի նպատակով Սիրիա էր մեկնել այն ժամանակ, երբ Ֆրանսիայի ներքին հակահետախուզությունը նպաստել և հեշտացրել էր նրա մեկնումը: Սիրիայում նա անդամակցել է սաուդյան թագաժառանգ Աբդուլ Ռահման ալ-Ֆեյսալի (Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարի և Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի եղբայրը) կողմից հովանավորվող, Աբու Բաքր էլ-Բաղդադի հրամանատարության ներքո գործող Իրաքի և Լևանի իսլամական էմիրությանը [4]:

Միջինից բարձր ինտելեկտ ունեցող Մեհդի Նեմմուշն ուշադրության է արժանանում իր հրահանգիչների կողմից և ընդգրկվում գաղտնի ծառայություն կազմում: Իրաքի և Լևանի իսլամական էմիրության կազմում, որը ղեկավարվում է ԱՄՆ, Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի սպաների կողմից, Նեմմուշը դառնում է նրանց բոլորի գործակալը: Եթե նա Բրյուսելում սպանել է իսրայելցի երկու «գործընկերներին», ապա դա տեղի է ունեցել այս երեք երկրներից մեկի հրահանգով:

Սաուդյան մամուլն ընդգծեց, որ իսրայելցի զոհերից մեկը ներքաշված է եղել Դամասկոսում 2008 թվականին Հեզբոլլահի ռազմական ղեկավար Imad Moughniyeh-ի սպանության մեջ՝ այսպիսով ակնարկելով լիբանանյան Դիմադրության վրեժխնդրության մասին: Սա անհեթեթություն է, Իրաքի և Լևանի իսլամական էմիրությունը Հեզբոլլահի դեմ կռվող և շիաներին պարբերաբար սպանող վահհաբիստների խմբավորում է: Բացի այդ, եթե Հեզբոլլահը ցանկանար վրեժխնդիր լինել, ապա կսպաներ հրաման տվողներին և ոչ թե կատարողներին:

Բացի այդ, գաղտնի ծառայությունների միջև սպանությունները կատարվում են կամ միևնույն մակարդակի գործակալին կտտանքների ենթարկելով, կամ ընթացող ծրագրի խափանմամբ: Որևէ հրապարակային տեղեկատվություն չկա, որը թույլ կտար այս պահին բացատրել, ով է ընտրել այս թիրախներին և ինչու:

Հրեական թանգարանի սպանդը վկայում է առավել լուրջ վտանգի մասին, քան թե պարզ ահաբեկչությունն է. ատլանտյան գաղտնի ծառայություններում ապացուցված է հանցագործների ներգրավման փաստը: Եթե այս երևույթը մեծ մասշտաբների հասնի, ապա կտեսնենք Եվրոպայում Պետության կողմից բռնության աճը, որն անշուշտ մշտապես կվերագրվի «ահաբեկիչներին»:

Բարաք Օբամայի նոր ռազմավարությունը կարող է լինել նախկին «լարվածության ռազմավարությունը»:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] “Remarks by Barack Obama at West Point Academy”, by Barack Obama, Voltaire Network, 28 May 2014.

[2] « Experts split on Jewish Museum killer : lone wolf or hitman ? », par Robert-Jan Bartunek, Reuters, 26 mai 2014.

[3] « Les douaniers racontent l’arrestation de Mehdi Nemmouche », BFMTV, 4 juin 2014.

[4] « L’ÉIIL est commandé par le prince Abdul Rahman », Réseau Voltaire, 3 février 2014.