Մոսուլի անկումից հետո ես հաստատում էի, որ ներկայումս Իրաքում ընթացող պատերազմը պետք չէ մեկնաբանել որպես ԻԼԻԷ կողմից իրականացվող ռազմական գործողություն, այլ որպես երկրի վերաձևափոխման ամերիկյան ծրագրի իրականացման նպատակով ջիհադիստների և տեղական քրդական կառավարության փոխհամաձայնեցված հարձակում [1]: Այս հարցում ես մենակ էի և հանգամանքների նմանօրինակ ընկալումը հակասական էր թվում: Երեք շաբաթ անց ամենն ակնհայտ դարձավ:

Քուրդիստանի ստեղծումը

Հունիսի 20-ին Իսրայելը տեղական քրդական կառավարությունից նավթ էր գնել, որը, չնայած իրաքյան դաշնային կառավարության արտահայտած տեսակետին, գողացվել էր Քիրքուքում [2]: Նավթի փոխադրումն ապահովել էր ինչպես ԻԼԻԷ, որը վերահսկում է նավթամուղը, այնպես էլ Թուրքիայի կողմից, որն էլ թույլատրել էր, որպեսզի այն Ջեյհանում բեռնվի նավթի լցանավի մեջ:

Հունիսի 25-ին Իրաքի քաղաքական կուսակցությունները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, ձևավորել են տեղական միացյալ կառավարություն: Մինչ այդ նրանք բաժանված էին երկու մեծ կոալիցիաների՝ մեկը ղեկավարվում է թուրքական և իսրայելական կողմնորոշում ունեցող Բարզանիի Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության կողմից, իսկ մյուսը իրանական և սիրիական կողմնորոշում ունեցող Թալաբանիի Քուրդիստանի հայրենասիրական միության կողմից: Այս երկու խմբավորումների միջև միությունը անհնար կլիներ առանց Թել-Ավիվի, Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախնական համաձայնության:

Դրուզ քաղաքական գործիչ Մենդի Սաֆադին (Mendi Safadi), ով հաստատում է Իսրայելի և սիրիական զինյալների միջև գոյություն ունեցող կապը, Ռովեն Ռիվլինին (Reuven Rivlin) էր փոխանցել Սիրիայում ձախակողմյան քրդական կուսակցության նամակը Կնեսետում նրա ընտրվելու առթիվ և կոչ արել աջակցել անկախ Քուրդիստանի ստեղծման հարցում:

Հունիսի 26-ին և 27-ին Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Վիլլիամ Հեյգը մեկնել էր Բաղդադ և Էրբիլ: Նախատեսվածին պես Վարչապետ Նուրի ալ-Մալիքիին կոչ էր արել ստեղծել ինկլյուզիվ կառավարություն՝ լավ գիտակցելով, որ նա այդ քայլին չի գնա: Այս ամենն արժանացավ լոնդոնյան մամուլի ծաղրանքին, ըստ որի նրա խորհուրդը «մի փոքր» ուշացած էր [3]: Այնուհետև, նա Մասուդ Բարզանիի հետ քննարկել էր ապագա Քուրդիստանի անկախության հարցը: Ինչպես հաճախ է պատահում՝ բրիտանացիների հայտնվելը վճռորոշ պահի մասին է վկայում:

Հունիսի 29-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության ուսումնասիրությունների Թել-Ավիվի համալսարանում իր ելույթի ժամանակ վերջ է դրել գոյություն ունեցող տաբուին՝ հայտարարելով, որ Իսրայելը կաջակցի քրդական պետության ստեղծման հարցում: Զգուշավորություն ցուցաբերելով՝ նա ձեռնպահ է մնացել սահմանների հստակեցման հարցում, որոնք ժամանակի հետ միշտ էլ կարող են փոփոխվել [4]:

Հուլիսի 3-ին Քուրդիստանի տեղական կառավարության նախագահ Մասուդ Բարզանին իր խորհրդարանին կոչ էր արել ինքնորոշման հանրաքվե կազմակերպել: Առանց որևէ անակնկալի Սպիտակ տունը հրապարակային արձագանքեց՝ վերահաստատելով իր աջակցությունը «ժողովրդավարական, բազմակարծ և բարեկամական Իրաքին», իսկ մինչ այդ փոխնախագահ Ջո Բայդենը, հանրաքվեն նախապատրաստելու համար, մասնավոր հանդիպում է ունեցել Բարզանիի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնի հետ:

Դժվար է պատկերացնել, որ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը (որոնց մեծամասնությունը գտնվում է Իրաքում, իսկ փոքր մասը Սիրիայում) ունակ կլինի երկու երկրներում միաժամանակ հանրաքվե կազմակերպել: Ուստիՙ Վաշինգտոնը կբավարարվի ներկայիս Իրաքից անջատ Քուրդիստանով և կհետաձգի Սիրիայի և Թուրքիայի մասնատման գործընթացը: Այժմ Վաշինգտոնն ավելացնում է Դամասկոսին (որի հետ նորից սկսել է խոսել) և Անկարային (որը ոչնչի չի հավատում) ուղղված հանգստացնող մեսիջների քանակը:

Հարցը, որը հուզում է բոլորին կայանում է նրանում, թե ինչպիսին է լինելու այս նոր Պետության արտաքին քաղաքականությունը: Մինչ այժմ Բարզանիների կլանին հաջողվել էր, Իսրայելի հետ կապվելով, ստեղծել բարեկեցության մի կղզյակ: Եթե այս ընտրությունը երկար շարունակվի, ապա տարածաշրջանում ամբողջովին կփոխվի ստրատեգիական հավասարակշռությունը:

Խալիֆաթի ուրվականը

Այս ընթացքում ԻԼԻԷ հռչակեց Խալիֆաթի ստեղծման մասին: Լիրիկական երկար տեքստում, Ղուրանից բազում մեջբերումներով, հայտարարվում է, որ Շարիաթի հաստատմամբ Սիրիայում և Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հաջողության հասնելով եկել են այն եզրահանգման, որ Խալիֆաթի պահը հասունացել է:

ԻԼԻԷ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին ընտրվել է Խալիֆ և բոլոր հավատացյալները, որտեղ էլ որ լինեն, պետք է ենթարկվեն նրան [5]: Պետության նոր ղեկավարի որևէ լուսանկար չկա, ոչ ոք տեղյակ չէ, արդյոք ալ-Բաղդադին իրականում գոյություն ունի կամ արդյոք «խալիֆ Իբրահիմի» անունը միայն սարսափեցնելու համար է:

Հյուսիսային Աֆրիկայի Ալ-Քաիդա խմբավորումն իր աջակցությունն է հայտնել «Իսլամական Էմիրության հերոսներին»: Արաբական թերակղզու Ալ-Քաիդա խմբավորումն իր հերթին հաջողության և հաղթանակների իր սրտագին մաղթանքներն է հղել:
Ալ-Քաիդային անդամակցող այլ խմբավորումներ ևս, ինչպես օրինակ Նիգերիայում գործող Բոկո Հարամ և Սոմալիում գործող Շաբաաբը շուտով ԻԼԻԷ իրենց հավատարմությունն ու հնազանդությունն են հայտնելու: Այսպիսով տեղի է ունենում Ալ-Քաիդայի մուտացիոն գործընթաց, որի արդյունքում միջազգային ահաբեկչական ցանցից այն ձեռք է բերում չճանաչված Պետության կարգավիճակ:

Ինչ էլ որ լինի ԻԼԻԷ զգուշորեն շարունակում է իր առաջխաղացումը: Նրանք ունակ են կռվելու որոշակի սահմաններում և չափազանց զգուշավոր են Վաշինգտոնի և նրա դաշնակիցների շահերը չվնասելու հարցում՝ ներառյալ հանգամանքների բերումով ձեռք բերված դաշնակիցների շահերը: Այսպիսով, Սամարայում ԻԼԻԷ Իրանին չհրահրելու պատճառով միտումնավոր խուսափել է շիա իմամների դամբարանները գրոհելուց:

Այդ պահից սկսած Իրաքի վերաձևման շուրջ Վաշինգտոնում բազում տեսակետներ ի հայտ եկան: Ազգային անվտանգության գործակալության (NSA) և ԿՀՎ-ի (CIA) նախկին ղեկավար Միշել Հայդենը (Michael Hayden) Fox News-ով հայտնեց հետևյալ տեսակետը՝ «Ապստամբների կողմից սունիներով բնակեցված տարածքների մեծամասնության նվաճմամբ Իրաքն արդեն իսկ դադարել է գոյություն ունենալուց: Մասնատումն անխուսափելի էր»: Այս հայտարարություններն ուղեկցվել են ներխուժման կոչերով: Ջորջ Բուշի նախկին խորհրդական, այնուհետև Բարաք Օբամայի օրոք Իրաքում դեսպան Ջեյմս Ջեֆֆրին (James Jeffrey) մեկնաբանեց հետևյալ կերպ՝ «[Ջիհադիստները] երբեք կանգ չեն առել, անգամ այն ժամանակ, երբ 2010-2011 թթ. ես այնտեղ էի: Նրանք լիովին ջախջախված էին և կորցրել էին բնակչության աջակցությունը: Մենք հետապնդում էինք նրանց, իսկ նրանք անցել էին ընդհատակ: Որևէ պատճառ չկա նրանց քննադատելու, որևէ միջոց նրանց սանձելու, պետք է նրանց բոլորին սպանել»:

Ատլանտյան մամուլն այս տեսակետները մեկնաբանում է որպես Իրաքի մասնատման և ուժի գործադրմամբ տարածքային ամբողջականության պահպանման կողմնակիցների քննարկում: Իրականում Վաշինգտոնի ծրագիրը կայանում է հետևյալում՝ նախ նրանք թույլ կտան ջիհադիստներին մասնատել Իրաքը (և մի գուցե նաև Սաուդյան Արաբիան), այնուհետև երբ առաջադրանքն ավարտված կլինի, կվերացնեն նրանց,:

Այս հեռանկարում նախագահ Օբաման քննարկումներ է կազմակերպում և փորձում է մաքսիմալ հապաղել: Իրաք-ԱՄՆ Պաշտպանության համաձայնագրերի խախտմամբ նա Իրաք է ուղարկել ընդամենը 800 հոգու, որոնցից միայն 300 հոգին իրաքյան զորքերին ղեկավարելու, իսկ մնացյալն ամերիկյան դեսպանատան պաշտպանության նպատակով:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[2Israel accepts first delivery of disputed Kurdish pipeline oil”, Julia Payne, Reuters, 20 հունիսի 2014 թվ.:

[3« William Hague flies in to Baghdadwith an appeal for unity – but it’s a bit late for that », ըստ Patrick Cockburn, The Independent, 26 հունիսի 2014 թվ.:

[4« Address by PM Netanyahu at the Institute for National Security Studies », PM’s Office, 29 հունիսի 2014 թվ.:

[5«Խալիֆաթի հռչակումը» « Proclamation du Califat », Réseau Voltaire, 1 հուլիսի 2014 թվ.: