Նյու Յորքում գտնվող Միացյալ Ազգերի Կազմակերպության Ապակյա պալատի մոտ է գտնվում «Բարին հաղթում է Չարին» մետաղյա քանդակը, որը մարմնավորում է նիզակով վիշապին խոցող Սուրբ Գևորգին։ Այն 1990թ. նվիրաբերվել էր ԽՍՀՄ-ի կողմից՝ 1987թ. ԱՄՆ-ի հետ կնքված Փոքր ու միջին հեռահարության հրթիռների (500-ից մինչև 5500 կմ) լիկվիդացիայի պայմանագրի ստորագրման հոբելյանի առթիվ։ Իրականում վիշապի մարմինը խորհրդանշական կերպով պատրաստված է ԱՄՆ «Պերշինգ II» (առաջինն ԱՄՆ-ում տեղակայված) և Սովետական SS-20 (առաջինը ԽՍՀՄ-ում տեղակայված) բալիստիկական հրթիռների բեկորներից։

Բայց հրթիռային վիշապը, որ քանդակված է մահամերձ վիճակում, այժմ կենդանություն է առնում։ Եվ սա շնորհիվ Իտալիայի և ԵՄ անդամ այլ երկրների, ովքեր Միացյալ Ազգերի Գլխավոր Ասամբլեայում քվեարկեցին Ռուսաստանի կողմից ներկայացված «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պահպանման և հսկման պայմանագրի» դեմ. այն մերժեց 46 դեմ, 43 կողմ և 78 ձեռնպահ ձայներով։ [1]

Այդպիսով Եվրոպական Միությունը, որի 27 անդամներից 21-ը մտնում են Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) մեջ (ներառյալ Բրիտանիան, որը դուրս է գալիս ԵՄ կազմից), ամբողջությամբ միացավ ՆԱՏՕ-ի դիրքերին, որն էլ իր հերթին, լիովին հակվեց դեպի Միացյալ Նահանգներ։

Նախկինում՝ Օբամայի վարչակազմը, այնուհետև Թրամփի վարչակազմը, առանց որևէ ապացույցի, մեղադրեցին Ռուսաստանին արգելված կատեգորիայի հրթիռների փորձարկման մեջ և հայտարարեցին Փոքր ու միջին հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագրից դուրս գալու իրենց մտադրության մասին։ Միաժամանակ նրանք ձեռնարկեցին մի ծրագիր, որով Եվրոպայում ատոմային հրթիռներ պետք է վերատեղակայվեն ուղղված Ռուստաստանի դեմ, և նույնը կձեռնարկվի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Չինաստանի դեմ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը զգուշացրեց. «Սա սպառազինությունների մրցավազքի նոր սկիզբ է»։ Այլ կերպ ասած, նա զգուշացրեց, որ եթե ԱՄՆ-ը կրկին Ռուսաստանի դեմ ուղղված միջուկային հրթիռներ տեղակայի Եվրոպայում (ինչպես 1980-ականներին Կոմիսոյում (Սիցիլիա) տեղակայված միջուկային հրթիռները), ապա Ռուսաստանը իր սեփական տարածքում կտեղակայի նույնանման հրթիռներ՝ ուղղված Եվրոպայում գտնվող թիրախներին (սակայն, որոնք ի վիճակի չեն լինի հասնել Միացյալ Նահանգներ)։

Անտեսելով այս ամենը, ՄԱԿ-ի ԵՄ ներկայացուցիչը Ռուսաստանին մեղադրեց Փոքր ու միջին հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագրի խախտման մեջ և հայտարարեց դեմ քվեարկելու մասին Եվրամիության բոլոր երկրների դիրքորոշումը, որովհետև «Ռուսաստանի կողմից ներկայացված բանաձևը շեղվում է քննարկվող հարցից»։ Ըստ էության, այս կերպ Եվրոպական Միությունը կանաչ լույս վառեց ամերիկյան նոր միջուկային հրթիռները Եվրոպայում, այդ թվում Իտալիայում, տեղակայելու հնարավորությանը։

Նման կարևորության հարցի առնչությամբ, Ջուզեպպե Կոնտեի կառավրությունը, իր նախորդների պես, անտեսեց ազգային ինքնիշխանության հարցը և միացավ ԵՄ-ին, որն էլ իր հերթին միացավ ԱՄՆ գերիշխանության տակ գտնվող ՆԱՏՕ-ին։ Եվ ամբողջ քաղաքական դաշտում մի ձայն չհնչեց, որ հենց Պառլամենտը պետք է որոշի թե ինչպես քվեարկի ՄԱԿ-ում։ Եվ նույն կերպ որևէ մեկը Պառլամենտում կոչով չդիմեց Իտալիային Միջուկային զենքերի չտարածման պայմանագիրը(1970թ.) պահպանելու պահանջով, որով ԱՄՆ-ը պարտավորվում էր B61 տեսակի ատոմային ռումբերը տեղահանել մեր երկրից և այստեղ 2020թ. առաջին կեսից նոր ու ավելի վտանգավոր B61-12-ը չտեղակայել։ Այսպիսով, հիմնարար սահմանադրական այն սկզբունքը, թե «գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին», հերթական անգամ խախտվեց։ Ու քանի դեռ քաղաքական-լրատվական ապարատը դիտավորությամբ իտալացիներին անտեղյակ է պահում նման կենսական նշանակության հարցերից, խախտվում է տեղեկատվության մասին իրավունքը, ոչ միայն տեղեկատվության ազատության, այլև տեղեկացված լինելու իրավունքը։

Մենք պետք է սա անենք այսօր, այլապես վաղը որոշում կայացնելու ժամանակ չենք ունենա՝ թիրախին հասնելու և այն ոչնչացնելու համար միջին հեռահարության միջուկային զենքից պահանջվում է 6-11 րոպե։

Թարգմանություն
Գ.
Աղբյուր
Il Manifesto (Իտալիա)