JPEG - 22.3 ko

Ժնև 2-ի բացման նիստը, ընդհանուր առմամբ, դիվանագիտական համաժողովի հետ որևէ ընդհանուր կապ չունի: Այն համաշխարհային հեռուստատեսություններով հեռարձակվող մեծ շոու է: Իրականում, յուրաքանչյուր հանդես եկող հիմնականում խոսքն ուղղում էր իր երկրի կամ դաշնակիցների հանրային կարծիքի որոշակի խմբերին:

Սիրիայի պատվիրակությունը հանդես եկավ երկար խոսքով, մինչդեռ ընդդիմությունն իր ելույթում, ամերիկյան պատվիրակության վառ արտահայտված աջակցությամբ, պահանջում էր նախագահ էլ-Ասսադի հրաժարականը: Այս ամենից հետո կարող ենք եզրակացնել, որ Դամասկոսը պետք է հրաժարագիր ներկայացներ:

Այնուամենայնիվ, արևմտյան մամուլն այս պատրանքով կուրության չմատնվեց: Անգամ այն ժամանակ, երբ Ջոն Քերին պաշտոնապես հաստատեց, որ հնարավոր չէ պատկերացնել Բաշար էլ-Ասսադին անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում, նրա գրասենյակի անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեցին, որ Սիրիան առանց էլ-Ասսադի ավելի վատ վիճակում կհայտնվի, քան նրա հետ: Նրանք ևս մեկ անգամ հիշատակեցին New York Times-ում դեսպան Ռայան Քրոերի բերած փաստարկները: Ուստի բոլորի համար պարզ դարձավ, որ պետքարտուղարի ելույթն ուղղված էր իր սաուդյան դաշնակիցներին հանգստացնելու և ոչ թե դրա իրագործմանը:

Ազգային կոալիցիայի պատվիրակությունը համոզիչ կերպով պնդում էր «ռեժիմի կողմից կատարված հանցանքների» մասին և պահանջում իրենց հանձնել ողջ իշխանությունը` պարտավորվելով հարգել փոքրամասնությունների իրավունքները: Սակայն հուզական ելույթը չէր կարող դիմակայել մի քանի րոպեանոց բանավեճին: Այնուհետև, հիմնվելով երկու օր առաջ հրապարակված զեկույցի վրա, պարոն Ջարբան մեղադրեց կառավարությանը 11 000 մարդու կտտանքի ենթարկելու մեջ` այն ներկայացնելով որպես «անկախ զեկույց», այնինչ այս ամենն քաթարյան քարոզչության կողմից պատրաստված հերթական փաստաթղթերից մեկն է: Կարող ենք օրինակ հարց տալ, թե ինչու± Կոալիցիան ապագայում պետք է հարգի փոքրամասնության իրավունքները, եթե պատերազմի ընթացքում նրանց կտտանքների է ենթարկել:

Հերթական անգամ, ավարտելով իր թատերականացումը, պրն Ջարբան հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու բանակցություններին` չհստակեցնելով, թե իր բացակայության ժամանակ ով է պատվիրակությունը ղեկավարելու:

Այս դեպքում էլ արևմտյան մամուլը հասկացավ, թե ինչումն է բանը: Եթե պարոն Ջարբան հրաշալի կարդում է իր հովանավորների կողմից գրված ճառերը, ապա նա աշխատելու համար այդքան ուժ չունի: Մինչդեռ սիրիական պատվիրակությունը բաղկացած է բացառապես բարձր որակավորում ունեցող փորձառու մասնագետներից: Պարոն Ջարբայի վիճակն այնքան էլ նախանձելի չէ. նա պարտված պատերազմում հաղթողի դերում էր հանդես գալիս, իրավունք էր վերապահում խոսել իրեն մերժող ժողովրդի անունից: Հիմնական աջակիցները հեռացել են իրենից, արտաքսման մեջ գտնվող կառավարությունը հրաժարական է տվել` մենակ թողնելով Մուսուլման եղբայրներին և Սաուդյան Արաբիային:

Բոլորն էլ հիշում են Սերգեյ Լավրովի առաջին ելույթը: Նա հստակորեն նշեց, որ Ժնև 1-ի պաշտոնական հայտարարությունը և Անվտանգության Խորհրդի 2118 բանաձևը, որոնց վրա հիմնվում է համաժողովը, նախատեսում է, որ սիրիական քաղաքական բոլոր խմբերը պետք է ներկայացված լինեն Ժնև 2-ին: Ուստի, Վաշինգտոնի պահանջով, հրավիրվեցին Կոալիցիայի տրոհումից մնացած մյուս ուժերը: Նախարար Լավրովը հստակ ակնկալում է, որ չնայած բացման նստաշրջանի բացակայությանը, ներքին հայրենասիրական ընդդիմությունը կմիանա բանակցային գործընթացին:

Եվ միմիայն այդ ժամանակ կսկսվի իրական համաժողովը:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)