JPEG - 35.1 ko
Խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1267 և 1373 բանաձևերը` ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է ՄԱԿ-ի կողմից «ահաբեկչական» խմբավորումներ համարվող և Ալ-Քաիդայի ենթակայության տակ գտնվող ալ-Նոսրա ճակատի և Իրաքի և Լևանի իսլամական էմիրություն խմբավորումներին ֆինանսավորելու և զինելու օգտին: Այս որոշումն ուժի մեջ է մնալու մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը:

Ժնև 2 խաղաղության համաժողովի առաջին շաբաթը լի էր անսպասելի շրջադարձերով: Ցավոք սրտի արևմտյան հասարակությունը չի տեղեկացվել այդ ամենի մասին` հերթական անգամ զոհ գնալով ճնշող ցենզուրային:

Սա այս պատերազմի հիմնական տարօրինակությունն է. իրականությունը ներկայացվում է գլխիվայր շուռ տված: Համաձայն արևմտյան լրատվամիջոցների հակամարտությունն ընթանում է մի կողմից ժողովրդավարությունը պաշտպանող և ահաբեկչության դեմ համաշխարհային պայքար մղող Վաշինգտոնի և Ռիյադի շուրջ համախմբված երկրների և մյուս կողմից Սիրիայի և իր ռուս դաշնակիցների միջև, որոնց զրպարտում և ներկայացնում են որպես ահաբեկչությանն աջակցող բռնապետություններ:

Եթե բոլորին հայտնի է, որ Սաուդյան Արաբիան ժողովրդավարության հետ որևէ կապ չունեցող մեկ ընտանիքի և աղանդի բացարձակ միապետություն է, ապա Միացյալ Նահանգներն ունեն ժողովրդավարության և «ազատության երկրի» համբավ:

Շաբաթվա գլխավոր տեղեկատվությունը վրիպել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների ուշադրությունից. Միացյալ Նահանգների Կոնգրեսը գաղտնի հավաքվել էր, որպեսզի քվեարկեր մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը «սիրիական ապստամբներին» ֆինանսավորելու և զինելու նպատակով: Դուք ճիշտ կարդացիք: Կոնգրեսը գաղտնի նիստեր է անցկացրել, որոնք լուսաբանելու իրավունք լրատվամիջոցները չեն ունեցել: Դա է պատճառը, որ բրիտանական Reuters [1] գործակալության կողմից պաշտոնապես հրապարակված տեղեկատվությունը պատշաճ կերպով գաղտնի է պահվել ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ծոցի երկրների լրատվամիջոցների մեծամասնությունից: Միայն «մնացած աշխարհի» բնակիչներն են իրավունք ունեցել իմանալու այդ ճշմարտությունը: Ազատ արտահայտվելու և քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը հանդիսանում է ժողովրդավարության նախապայմաններից մեկը, որոնք ավելի շատ հարգված են Սիրիայում և Ռուսաստանում, քան Արևմուտքում:

Որևէ մեկը չի կարդացել Կոնգրեսի կողմից ընդունված այդ օրենքը և հնարավոր չէ կանխատեսել, թե իրականում ինչ է այն նախատեսում: Սակայն ակնհայտ է, որ «ապստամբներն» իրենց առաջ նպատակ չեն դրել տապալել սիրիական իշխանությունը, այդ գաղափարից նրանք հրաժարվել են: Նրանց նպատակն է «արնաքամ» անել երկիրը: Ահա ինչու են նրանք ոչ թե զինվորներ համարվում, այլ ահաբեկիչներ: Դուք վերստին ճիշտ կարդացիք. 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ալ-Քաիդայի կողմից ենթադրաբար զոհ դարձած և «ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի» առաջամարտիկի դերը ստանձնած ԱՄՆ ֆինանսավորում է միջազգային ահաբեկչության գլխավոր օջախը, ուր Ալ-Քաիդայի հովանու ներքո պաշտոնապես գործում են երկու խմբավորումներ (ալ-Նոսրայի ճակատը և Իրաքի և Լևանի իսլամական էմիրություն խմբավորումը): Խոսքն այլևս չի գնում գաղտնի որևէ գործողության մասին, այլ ընդունված օրենքի, անգամ եթե այն ընդունվել է փակ դռների հետևում, քանզի հակասում է պաշտոնական քարոզչությանը:

Մյուս կողմից դժվար է հասկանալ այն, որ 13 տարի շարունակ արևմտյան մամուլը պնդում էր, որ Ալ-Քաիդան է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը և հերքում նախագահ Ջ. Բուշի այդ օրը ռազմական վերնախավի կողմից ժամանակավոր պաշտոնանկության փաստը, կկարողանա բացատրել նման որոշումն իր հանրությանը: Կասկածից վեր է այն փաստը, որ ամերիկյան «կառավարության շարունակականությունը» նույնպես պաշտպանվում է քննարկումներից: Այդպիսով, Արևմուտքում այդպես էլ չիմացան, որ սեպտեմբերի 11-ին առավոտյան ժամը 10-ից մինչ երեկո իշխանությունը քաղաքացիական իշխանություններից անցել էր ռազմական իշխանություններին, որ այդ օրվա ընթացքում, երկրի օրենքների և սահմանադրության կոպիտ խախտմամբ, Միացյալ Նահանգները ղեկավարվել է գաղտնի իշխանության կողմից:

Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ն (CIA) ֆինանսավորում էր գրող Ջորջ Օրվելլին, որպեսզի վերջինս պատկերեր ապագայի դիկտատուրան: Այդ կերպ Վաշինգտոնը հույս ուներ քաղաքացիների մեջ արթնացնել սովետական վտանգի նկատմամբ գիտակցությունը: Սակայն ԽՍՀՄ որևէ ընդհանուր բան չուներ «1984» թվականի մղձավանջի հետ, մինչդեռ Միացյալ Նահանգները դարձան այդ ամենի մարմնավորողը:

Բարաք Օբամայի ամենամյա ելույթը նույնպես բացառիկ կեղծիքի փորձ էր: Հոտընկայս ծափահարող Կոնգրեսի 538 անդամների առջև նախագահը հայտարարեց. «Մի բան երբեք չի փոխվելու. Դա մեր վճռականությունն նրանում, որ ահաբեկիչները մեր երկրի նկատմամբ այլևս երբեք ահաբեկչական գործողություններ չեն իրականացնի»: Կամ «Սիրիայում մենք կաջակցենք ընդդիմությանը, որը մերժում է ահաբեկչական ցանցերի ծրագրերը»:

Այնինչ, երբ Ժնև 2 համաժողովի ժամանակ սիրիական պատվիրակությունն իր «ընդդիմությանը» ներկայացնում էր Անվտանգության Խորհրդի 1267 և 1373 բանաձևերի վրա հիմնված և ահաբեկչությունը դատապարտող առաջարկությունը, վերջինս մերջեց այդ և դա Վաշինգտոնի կողմից որևէ առարկության չարժանացավ: Սա էլ ունի իր բացատրությունը. Ահաբեկչությունը դա հենց Միացյալ Նահանգներն են, իսկ «ընդդիմության» պատվիրակությունն իր կարգադրությունները ստանում էր համաժողովին ներկա դեսպան Ռոբերտ Ֆորդից:

Ռոբերտ Ֆորդը Իրաքում Ջոն Նեգրոպոնտեի նախկին օգնականն է եղել: 80-ական թվականների սկզբին Նեգրոպոնտեն գրոհի ենթարկեց նիկարագուայական հեղափոխությունը` ներգրավելով հազարավոր վարձկանների, որոնք խառնվելով տեղացի մի քանի համագործակցող խմբերի մեջ` ձևավորեցին «Contras»-երը: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այդ միջամտության համար դատապարտել է Վաշինգտոնին: Այնուհետև, 2000-ական թվականներին, Նեգրոպոնտեն և Ֆորդը նույն սցենարն իրականացրեցին Իրաքում: Այս անգամ էլ նրանք ճնշեցին ազգային դիմադրությանը` ստիպելով նրանց պայքարել Ալ-Քաիդայի դեմ:

Այն ժամանակ, երբ սիրիացիները և «ընդդիմության» պատվիրակությունը բանակցություններ էին վարում Ժնևում, Վաշինգտոնում նախագահը շարունակում էր իր կեղծավոր գործունեությունը և իրեն մեխանիկորեն ծափահարող Կոնգրեսին ասում. «Մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ ոչ միայն տեղեկատվության և ռազմական գործողությունների օգնությամբ, այլև մեր Սահմանադրության գաղափարներին հավատարիմ մնալով և աշխարհին օրինակ ծառայելով (...): Եվ մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի Սիրիայի ժողովրդի համար արժանի ապագա ստեղծենք, ապագա առանց բռնապետության, ահաբեկչության և վախի մթնոլորտի»:

ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի արաբական երկրների Համագործակցության խորհրդի կողմից Սիրիայի դեմ սանձազերծած պատերազմն, ըստ MI6-իկողմից տրամադրված և սիրիական մարդու իրավունքների դիտարկման խորհրդի կողմից հրապարակված տվյալների համաձայն, հանգեցրել է ավելի քան 130.000 մարդկային զոհերի, որոնց դահիճներն այդ ամենի պատասխանատուն համարում են ժողովրդին, որը համարձակվում է դիմակայել նրանց, և նախագահ Բաշար էլ-Ասսադին:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] “Congress secretly approves U.S. weapons flow to ’moderate’ Syrian rebels”, ըստ Մարկ Հոսենբալլի (Mark Hosenball), Reuters, 27 հունվար 2014 թվական: